Ի՞նչ է կարծում Եվրախորհրդարանը USB Type-C-ն որպես ստանդարտ ճանաչելու հարցում

Եվրախորհրդարանի անդամները հավանություն են տվել էլեկտրոնային սարքավորումների համար USB Type-C ստանդարտ միակցիչ ճանաչելու առաջարկին: Ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեն քվեարկել է 43 կողմ և 2 դեմ ձայներով:

Միանգամից ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ սա դեռ վերջնական որոշում չէ. նախագիծը պետք է հաստատվի մայիսին՝ լիագումար նիստի ընթացքում:

Նոր կանոնները երաշխավորում են, որ սպառողներն այլևս կարիք չեն ունենա նոր լիցքավորիչի և մալուխի, երբ նոր սարքավորում գնեն, և կկարողանան օգտագործել մեկ լիցքավորիչը իրենց բոլոր փոքր ու միջին չափի էլեկտրոնային սարքավորումների համար: Դրանց թվում են բջջային հեռախոսները, պլանշետները, թվային տեսախցիկները, ականջակալները, շարժական խաղային կոնսուլները և բարձրախոսները, որոնք լիցքավորվում են լարային մալուխի միջոցով.դրանք բոլորը պետք է սարքավորվեն USB Type-C բնիկով ՝ անկախ արտադրողից:

Սակայն կան բացառություններ՝ խելացի ժամացույցներ և որոշ սպորտային սարքավորումներ, որոնց չափերը չափազանց փոքր են USB Type-C բնիկը տեղադրելու համար: Եվրախորհրդարանը նաև առաջարկել է ընդլայնել ստանդարտի ազդեցությունը նոութբուքերի վրա: