Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Իլոն Մասկը, որը Twitter ընկերությունը ձեռք բերելու գործընթացում է, ուրբաթ հայտարարել է, որ ընկերության գնման գործարքը կասեցված է, քանի որ սպասում է համանուն սոցիալական ցանցում կեղծ օգտահաշիվների քանակի վերաբերյալ տվյալների հաստատմանը, գրում է BBC-ն։
«Twitter-ի ձեռքբերման գործարքը ժամանակավորապես կասեցված է, քանի որ սպասում ենք տվյալներին առ այն, որ կեղծ հաշիվները կազմում են օգտատերերի 5%-ից պակաս», — ասվում է Մասկի գրառման մեջ:
Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Մասկը ձեռք կբերի ընկերությունը 44 միլիարդ դոլարով: Ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի, եթե միլիարդատերը որոշի խզել պայմանագիրը, նա պետք է ընկերությանը վճարի 1 միլիարդ դոլար տուգանք: Եթե Twitter-ը նախաձեռնի խզում, փոխհատուցումը կստանա Մասկը։ Գործարքի փակման ժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 24-ը: