Իլոն Մասկը խոսել է նոր Twitter 2.0-ի մասին

Իլոն Մասկը Twitter-ի իր հաշվում հրապարակել է մի շարք սլայդներ, որտեղ կիսվել է որոշ ցուցանիշների համեմատական ​​վիճակագրությամբ, ինչպես նաև բացահայտել է Twitter 2.0 թարմացման մանրամասները։ Նոր հայեցակարգի համաձայն՝ հարթակը կդառնա «հավելված ամեն ինչի համար»։

Միլիարդատերը բացահայտել է վեց առանձնահատկություններ, որոնք շուտով կհայտնվեն Twitter-ում.

  • Ինտերակտիվ գովազդ,
  • Տեսանյութի նոր հնարավորություններ,
  • Անձնական հաղորդագրությունների գաղտնագրում,
  • Երկար տեքստային գրառումներ անելու հնարավորություն,
  • Twitter Blue վճարովի բաժանորդագրության համակարգի վերագործարկում՝ երեք տեսակի հավաստագրմամբ,
  • Փոփոխություններ վճարային համակարգում։

Բացի այդ, բազմաթիվ կրճատումներից հետո ընկերությունը կսկսի նոր աշխատակիցներ ընդունել։ Դա ակնարկվում է շնորհանդեսի առաջին սլայդում՝ «We’re recruiting» արտահայտությամբ։

Ընկերության գործադիր տնօրենը հայտնել է, որ Twitter-ում նոր օգտատերերի օրական թիվը իր գագաթնակետին է հասել. նոյեմբերի կեսերի ժամանակահատվածի համար ամեն օր սոցցանցում գրանցվում է ավելի քան 2 միլիոն մարդ։ Այս ցուցանիշը 66%-ով բարձր է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, պլատֆորմում օգտատերերի ծախսած ժամանակը տարեկան կտրվածքով աճել է 30%-ով՝ օրական 8 միլիարդ ակտիվ րոպե: