Վերջին շրջանում խիստ նորաձև է դարձել start-up եզրույթը և տարբեր իմաստներով դրա կիրառությունը: Ոմանք օգտագործում են այն բնորոշելու համար ցանկացած նոր բիզնես կամ պարզապես գաղափար, իսկ մյուսներն էլ այն կապում են միայն տեղեկատվական տեխնոլոգիաների հետ:
Ի՞նչ է իրականում start-up-ը: Փորձենք մտովի վերադառնալ 20-րդ դար` start-up-ի ծագման պատմությանը:
Այս եզրույթն առաջին անգամ օգտագործվել է ԱՄՆ-ում 1939 թվականին և սերտորեն կապված է Սիլիկոնյան հովտի հետ: Այդ ժամանակ Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում` Սանտա Կլարայի հովտում (Կալիֆորնիա), կենտրոնացել էին բարձր տեխնոլոգիաներով զբաղվող գրեթե բոլոր կազմակերպություններն ու ձեռնարկությունները: Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Վիլյամ Հյուլեթն ու Դեյվիդ Փաքքարդը, ստեղծելով այնտեղ իրենց ոչ մեծ նախագիծը, անվանեցին այդ գործընթացը start-up ( անգլ.` սկսել, թողարկել): Ժամանակի ընթացքում այդ նույն start-up-ը վերածվեց այնպիսի մի խոշոր ընկերության, ինչպիսին «Հյուլեթ-Փաքքարդ»-ն է (HP):
Start-up-ն իր դասական ձևակերպմամբ բոլորովին նոր ստեղծված ընկերություն է, որը գուցե անգամ չունի իրավաբանական ձևակերպում և գտնվում է զարգացման նախնական փուլում: Հիմնվում է կամ որևէ նոր ինովացիոն գաղափարի կամ հենց նոր առաջացած տեխնոլոգիական լուծման վրա:
Այն ստեղծվում է որևէ հեռանկարային գաղափարի իրականացման համար` խոշոր եկամուտ ստանալու նպատակով և, որպես կանոն, դրանում ներգրավված են լինում ոչ ավել, քան 5 հոգի: Հաճախ start-up-ին բնորոշ առանձնահատկություն է ֆինասական միջոցների անբավարարությունը և ընկերության խոցելի կարգավիճակը շուկայում:
Արդարության համար պետք է նկատել, որ start-up-ը վերաբերում է շուկայի ցանկացած ոլորտի և ոչ թե միայն ՏՏ ոլորտին:
Որպեսզի startup-ը հաջողի, անհրաժեշտ է երեք հիմնական նախադրյալ.
- Գաղափար (ցանկալի է փառահեղ գաղափար),
- Մարդկային ռեսուրս (ցանկալի են փառահեղ գաղափարներով մարդիկ),
- Նյութական ռեսուրս (ներդրող անհատներ և ընկերություններ):
Թարմ և նոր գաղափարը հետաքրքրում է շատերին, և հաճախ այն ձեռք բերելու համար մարդիկ չեն խնայում նույնիսկ մեծ գումարներ: Լոկ գաղափարն անգամ` միայն թղթին հանձնված և առանց որևէ նյութական դրսևորման, կարող է մեծ արժեք ներկայացնել: Ոչ պակաս կարևոր գործոն է այստեղ նաև պահանջարկը` դրա անհրաժեշտության աստիճանը սպառողի համար, քանի որ գաղափարը կարող է լինել նոր և հետաքրքիր, բայց դրանից ստացվող օգուտը` աննշան:
Start-up-ի հաջողությանը նպաստում է նաև դրանով զբաղվող մարդկանց երիտասարդ լինելու հանգամանքը: Նրանց միջին տարիքը, ըստ տարբեր վիճակագրական տվյալների, 25-ն է, հետևաբար` նրանց տարվածությունը գաղափարով և աշխատանքով ավելի մեծ է, իսկ հաջողության հասնելը` սկզբունքային:
Դե իսկ վերջում` ցանկացած փառահեղ գաղափար կմնա լոկ գաղափար, եթե այն չգտնի իր հովանավորին:
Այս երեք բաղադրիչների հաջող համադրությունն անգամ չի երաշխավորում գործի հաղթանակը. վիճակագրությունը ցույց է տալիս, որ 10 start-up-երից հաջողությամբ պսակվում է միայն մեկը:
Բոլոր դեպքերում, եթե կա հանճարեղ գաղափար, ապա պետք է գործել. գուցե այն հենց տասից մեկն է, որին առջևում սպասում է նոր «Սիլիկանյան հովիտը»:
Աղբյուրը` ntefund