Կկայանա «ՈԶՆԻ 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի 2-րդ փուլը

Կկայանա «ՈԶՆԻ 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի 2-րդ փուլը

Ապրիլի 8-ին` ժամը 10:00-ից սկսած, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (Ալեք Մանուկյան 5, ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետ, 1-ին հարկ) կկայանա «ՈԶՆԻ 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը:

Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ինչպես նաև ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար:

Այս տարի մրցույթին մասնակցում են 6-10-րդ դասարանների 319 աշակերտ Երևանի 45 և ՀՀ մարզերի 125 դպրոցից, ինչպես նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից 91 աշակերտ, որոնք կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով: Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները և սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, ովքեր կստանան պատվոգրեր և մրցանակներ:

«Ոզնի»-ն ստեղծվել է 2010թ.-ին: Այս ծավալի մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում: «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթն իր ձևաչափով միակն է: Այն խթանում է դպրոցներում ՏՀՏ որորտի զարգացմանը:

Մրցույթի գլխավոր աջակիցն է հանդիսանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ, տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներ՝ Մերգելյան կլաստեր, ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն), գործընկեր՝ Նաիրի համընկերություն:

Մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ են Ռուզան Նիկոյանն ու Մարիաննա Թովմասյանը:

Բաժիններ: Հայաստան