PicsArt-ը գործարկել է iMessage հավելված սթիքերների համար

PicsArt-ն iMessage հավելվածի համար գործարկել է նոր գործառույթ, ինչն iMessage օգտատերերին հնարավորություն է տալիս ընկերների հետ շփման համար օգտագործել PicsArt-ի 2 մլն սթիքերները: Այժմ հեշտությամբ կարելի է PicsArt սթիքերներ ստեղծել, որոնել և օգտագործել դրանք անմիջապես iMessage-ում:

Այս ծառայությունը iMessage-ի և PicsArt օգտատերերի շփումն ավելի ստեղծարար ու բովանդակալից է դարձնում։ Օգտագործելով PicsArt-ի 3 հազարից ավելի խմբագրման գործիքները, ֆիլտրերը, արհեստական ինտելեկտի կախարդական էֆեկտները, տեքստերն ու տառատեսակները՝ PicsArt-ի օգտատերերը ստեղծել են սթիքերներ ցանկացած զգացմունք արտահայտելու համար: Ի դեպ, PicsArt հավելվածում օգտատերերի կողմից, ամեն օր  հազարավոր նոր սթիքերներ են ստեղծվում: Եթե համապատասխան պատկեր չգտնվի, կարելի է ինքնուրույն հեշտությամբ ստեղծել ցանկացած սթիքեր։

Այժմ արդեն iOS օգտատերերը կարող են

  •  ներբեռնել PicsArt-ի iPhone-ի կամ iPad-ի համար նախատեսված նոր iMessage հավելվածը,
  • ազատ օգտագործման համար հասանելի սթիքերների շտեմարանում որոնել ցանկացած սթիքեր,
  • ցանկացած նկարից նոր սթիքեր ստեղծել,
  • վերցնել և տեղադրել սթիքերը iMessage հաղորդագրության ցանկացած հատվածում, նույնիսկ հաղորդագրությունից դուրս՝ խոսակցությունն ավելի զվարճալի և ստեղծարար դարձնելու համար:

«PicsArt-ում սթիկերների ստեղծման աճի տեմպերը հսկայական են: Այժմ մենք ունենք օգտատերերի կողմից ստեղծված 2 միլիոն սթիկեր և ավելի քան 10 միլիոն  ազատ օգտագործման համար հասանելի (free-to-edit) լուսանկարներ, ինչի շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհի ամենամեծ free-to-edit շտեմարաններից մեկը», – նշում է PicsArt-ի Պրոդուկտի համար պատասխանատու փոխնախագահ Արգամ ԴերՀարությունյանը:

Ինչպե՞ս օգտագործել PicsArt-ի iMessage հավելվածը.

  1. Ներբեռնեք PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը iOS-ի համար
  2. Բացեք iMessage՝ նոր հաղորդագրություն գրելու համար, սեղմեք ձախ կողմի սլաքը
  3. Սեղմեք App Store iMessage, ապա սեղմեք ձախից ներքևում գտնվող չորս կետիկը
  4. Նշեք PicsArt հավելվածը և փնտրեք սթիքերներ կամ ստեղծեք ձեր անձնական սթիքերը
  5. Սթիքերն ընտրելուց հետո տեղափոխեք այն հաղորդագրության (chat) մեջ:

Բացի iMessage-ից, PicsArt ստիկերներով կարող եք կիսվել նաև բոլոր սոցիալական ցանցերում, այդ թվում WhatsApp, Facebook Messenger, Instagram, Facebook և Twitter:

նշենք, որ PicsArt-ն արդեն ունի 400 միլիոնից ավել ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: Այն անվճար հասանելի է iOS, Android եւ Windows հարթակների համար: