Ստեղծվել է հայկական առաջին օնլայն ավտոդպրոցը

Հուլիսի 10-ից Dasaran.am կայքում կգործի առաջին օնլայն ավտոդպրոցը: Այն նախաձեռնել  է Dasaran.am կրթական ծրագիրը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ոստիկանության աջակցությամբ: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց Dasaran.am-ի հանրային կապերի պատասխանատու Գայանե Գալստյանը:

Նրա խոսքով, օնլայն ավտոդպրոցը յուրօրինակ ուսուցանող խաղ-ծրագիր է՝ նախատեսված բոլոր տարիքի մարդկանց համար: «Այն խաղի նման է: Պարունակում է ուսումնական և մրցույթային մաս: Այստեղ մարդիկ հնարավորություն կունենան նախ սովորել երթևեկության կանոնները, ապա նաև հանձնել օնլայն թեստեր»,-նշեց նա:

Օնլայն ավտոդպրոց նախագծի մրցույթային մասը բաղկացած է 10 կատեգորիայից: Կարելի է ընտրել թեստի բովանդակությունը՝ սկսած երթևեկության նշաններից մինչև օրենքները:

Ըստ Գայանե Գալստայնի՝ օնլայն ավտոդպրոցը կսովորեցնի, թե ինչ անել տարբեր ճանապարհային իրավիճակներում : «Այն միջոց է կատարելագործելու երթևեկության կանոնների մասին գիտելիքները, ինչպես նաև նախապատրաստվելու վարորդական իրավունք ստանալու քննությանը»,-ընդգծեց նա: