Երևանի բոլոր նոր ավտոբուսներում կգործի անվճար Wi-Fi

Երևանի քաղաքային տրանսպորտի նոր շարժակազմի բոլոր ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետից: Այս մասին հայտնում են Օրանժ Արմենիա ընկերությունը: Երևանի քաղաքապետարանի հետ մեկ տարի առաջ մեկնարկած պիլոտային նախագիծն ընդլայնվում է:

Նոր ավտոբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն: Այս պահին շարժական WiFi սարքերով համալրված են 91 ավտոբուս, որոնց թիվը մինչև տարեվերջ կհասնի 255-ի:

«Անցյալ տարի պիլոտային նախագիծը մեկնարկելիս մենք փորձում էինք հասկանալ, թե արդյոք այս ծառայությունների կարիքը զգում են Երևանի բնակիչները և նկատեցինք, որ բակականին մեծ թվով ուղևորներ օգտվում են Wi-Fi-ից ավտոբուսում: Ուրախ ենք քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը շարունակել և ընդլայնել` արդեն առաջարկելով այս հնարավորությունը բոլոր նոր ավտոբուսների ուղևորներին », – նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հիշենք, որ  պիլոտային նախագծի շրջանակներում Orange MyFi մոդեմներ տեղադրվեցին քաղաքային տրանսպորտի 5 երթուղիներ սպասարկող ավտոբուսներում: