Գործարկվել է Արցախի իրավական ակտերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ

Կայացել է «Ինստիգեյթ» ընկերության Արցախի մասնաճյուղի առաջին նախագծի շնորհանդեսը, որն իրենից ներկայացնում է Արցախի նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Arlaw (Արլոու) նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, ՏՏ ոլորտի պատասխանատուներ։

Համակարգն իրենից ներկայացնում է ինտերնետային կայքէջ, որը պարունակում է 1992-2007թթ. հրապարակված բոլոր օրենքները, դրանց փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև 2007-ից սկսած հրապարակված բոլոր նորմատիվ իրավական ակտերը։ ԼՂՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության շնորհիվ  համակարգում նոր նորմատիվ իրավական ակտերն ավելացվում են պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։ Հաջորդ առավելությունը  նորմատիվ իրավական ակտերի հսկումն է։ Սա հնարավորություն է տալիս հսկողության տակ առնել այն ակտերը, որոնք հաճախակի են օգտագործվում։ Համակարգը օգտագործողին ավտոմատ կերպով տեղեկացնում է հսկվող ակտում իրավաբանական փոփոխության մասին: Այս ամենից բացի՝ տեղեկատվական համակարգը թույլ է տալիս օգտվել մի քանի տասնյակ տիպային պայմանագրերի ժողովածուից: