Facebook-յան լուսանկարները հնարավոր կլինի փոստով ուղարկել ընկերոջը

Facebook-ը փորձարկում է լուսանկարները իրական բացիկների փոխակերպելու և ընկերներին սովորական փոստային ծառայությամբ ուղարկելու ֆունկցիան, գրում է Mashable տեխնոբլոգը:

Օգտագործողները հնարավորություն կունենան ընտրել սեփական լուսանկարներից ցանկացածը, ավելացնել լուսանկարին անձնական հաղորդագրություն և ուղարկել ընկերոջը: Այն կհասնի Ձեր ընկերոջը սովորական փոստային ծառայությամբ՝ թղթային բացիկի տեսքով: Ստացողի բնակության հասցեն օգտագործողը պետք է ինքնուրույն լրացնի կամ հասցեի ստացման հարցում ուղարկի: Ուղարկվող բացիկ-լուսանկարի ետևի մասում գրված կլինի օգտագործողի թողած անձնական հաղորդագրությունը:

Սոցցանցի այս նոր ծառայությունը գործարկվել է թետային ռեժիմով և հասանելի միայն Facebook-ի որոշ օգտագործողներին:  Թե ինչ կարժենա այս ծառայությունը, Facebook-ը դեռևս չի հայտնում:

Այս ծառայությունը Facebook-ի համար իրականացնում է Sincerely ընկերությունը, որը նախագծում է Android և iOS Postagram կոչված բջջային ծրագիրը: Այն թույլ է տալիս ստեղծել բացիկ Instagram-ով կատարած ցանկացած լուսանկարից և ուղարկել ընկերոջը փոստային բացիկի տեսքով: Այս ծառայությունը գործում է միայն ԱՄՆ-ում:

Հիշենք, որ Facebook-ն աշխարհում ամենախոշոր սոցցանցն է՝ ավելի քան 955 մլն օգտագործողով: