Facebook-ը սահմանել է 30 օր ժամկետ՝ լուսանկարների հեռացման համար

Facebook սոցիալական ցանցը սահմանել է 30 օր մաքսիմալ ժամկետ սեփական սերվերներից լուսանկարների վերջնական հեռացման համար: Այս մասին հայտնում է ArsTechnica-ն:

Օգտագործողը սեփական լուսանկարը ջնջելիս, հարցում է ուղարկում սոցցանցի ադմինիստրացիա՝այն սերվերից հեռացնելու համար: Եվ չնայած լուսանկարը դադարում է տեսանելի լինել օգտագործողի էջում՝ մինչ սերվերներից վերջնական հեռացումը այն մնում է հասանելի՝ ուղիղ հղում ունենալու դեպքում:

Մինչ այժմ սոցցանցն իր սերվերներից լուսանկարների հեռացման որևէ ժամկետ չի ունեցել: Այս փաստը մի շարք օգտագործողների և շուկայի կարգավորող մարմինների կողմից բողոքի ալիք էր բարձրացրել:

Facebook-ի ադմինիստրացիայի խոսքով, լուսանկարների՝ սերվերներից ուշ հեռացման պատճառը լուսանկարների պահպանման հին համակարգն էր: Իսկ այսօր արդեն գործում է նոր համակարգ, որը 30 օր ժամկետից հետո հեռացնում է դրանք իր սերվերներից:

Հիշենք, որ Facebook-ը գործարկվել է 2004-ին: Այսօր այն աշխարհի խոշորագույն սոցցանցն է՝ ավելի քան 955 մլն. օգտագործողով: