Նոր վիրուս՝ Microsoft Security Essentials-ի տեսքով

Հայտնաբերվել է նոր համակարգչային վիրուս, որն օգտագործողին ներկայանում է որպես Microsoft Security Essentials և վարակելով համակարգը՝ ջնջում համակարգչի հակավիրուսային ծրագիրը: Այս մասին հայտնում է Microsoft-ն իր կայքում:

Այս գործընթացից հետո Win32/Bafruz կոչվող վիրուսը օգտագործողին ցուցադրում է համակարգում վնասակար ծրագրի առկայության մասին հաղորդագրություն՝ Security Essentials ծանուցման տեսքով:

Եթե օգտագործողը հաստատի կեղծ հակավիրուսային ծրագրի պահանջը, համակարգիչը կվերաբեռնվի անվտանգ ռեժիմով, որի ընթացքում վիրուսը կջնջի համակարգչում առկա ցանկացած հակավիրուսային տարր, անգամ վնասակար վիրուսների ցուցակները: Երբ վիրուսն իր «գործը» վերջացնում է, հայտնում է օգտագործողին, որ համակարգիչն աշխատում է «բարձր պաշտպանվածությամբ»:

Microsoft-ը ընդգծում է, որ վիրուսը հափշտակում է նաև սոցցանցերի տվյալներ: