2015թ-ից Հայաստանում կգործի թվային հեռուստատեսություն

ՀՀ Կառավարության սեպտեմբերի 23-ի որոշմամբ, հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95%-ը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից։

«Փաստորեն այս որոշումով մենք հաստատում ենք տեխնիկական պահանջները և մրցույթին հրավիրելու ենք այն ընկերություններին, որոնք կստանձնեն այդ պարտականությունը` թվայնացնել մեր հեռուստատեսությունը։ Մենք Եվրամիության առջև ունենք պարտավորություն և մինչև 2015 թվականը պետք է իրականացնենք այդ գործը»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառվարության նիստի ժամանակ։