Facebook-ին սպառնում են դատական հայցով

Գերմանիայի Սպառողների իրավունքների ֆեդերացիան կարծում է, որ աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ն իր օգտագործողների անձնական տվյալները տրամադրում է երրորդ անձանց՝ օնլայն ծրագրերի խանութ App Centre-ի միջոցով: Այս մասին գրում է Reuters-ը:

Իրավապաշտպանների կարծիքով, Facebook-ը խախտում է App Centre-ի գաղտնիության կանոնները և օգտագործողներին տեղյակ չի պահում այդ մասին: Ֆեդերացիան սպառնում է Facebook-ին դատական հայցով, եթե վերջինս չլուծի այս խնդիրը մինչև 2012թ. սեպտեմբերի 4-ը:

Հիշենք, որ App Centre-ը գործարկվել է 2012թ. հունիսին: Ի սկզբանե App Centre մուտք են ունեցել միայն ԱՄՆ օգտագործողները, այսօր այն բաց է աշխարհի բոլոր օգտագործողների համար: Facebook-ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում գերմանացի իրավապաշտպանների այս քայլը:

Հիշենք, որ աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը հիմնադրվել է 2004-ին և այսօր ունի ավելի քան 955 միլիոն օգտագործող: