Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից:
Ողջունելով և շնորհավորելով նոր պաշտոնավարման հետ կապված` քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և նոր ծրագրերի իրականացման կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երևանի բնակիչների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին:
«Ողջունելի է այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի և <<Օրանժ Արմենիա>> ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված պիլոտային նախագիծը հաջողությամբ իրականացվեց, ինչի արդյունքում Երևանի ավտոբուսների ուղևորներն այսօր արդեն օգտվում են անվճար Wi-Fi ինտերնետից: Այսօր ընկերությունը հանդիսանում է քաղաքապետարանի լավագույն գործընկերներից մեկը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ֆրանսիս Ժելիբտերը բարձր է գնահատել քաղաքապետի պատրաստակամությունը հետագա համագործակցության ուղղությամբ և նշել է, որ ընկերությունը ևս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր իրականացնել: «Գործընկերային այն ավանդույթները, որոնք ձևավորվել են այս տարիների ընթացքում քաղաքապետարանի հետ հուսով եմ կպահպանվեն, կշարունակվեն և կզարգանան»,- նշել է նա: