Dasaran.am կրթական ծրագրին միացած է 352 դպրոց: Այսօր նախագիծն ունի օրական 25 000-30 000 այցելություն: Այս մասին լրագրողներին հայտնել է Dasaran.am-ի հիմնադիր Սուրեն Ալոյանը:
«Այս կրթական ծրագիրը, որը մեր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ գործում է անվճար, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել թե´ ծնողների, թե´ աշակերտների, և թե´ ԿԳ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների մոտ»,- ընդգծել է նա:
Ըստ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի օպերատոր Նարինե Թունյանի, կայքը, որպես կրթական գործընթացի աջակից, հիմնովին կայացել է:
Անդրադառնալով Dasaran.am կայքի «Հոգեբանի անկյուն» բաժնին, Սուրեն Ալոյանը ընդգծեց, որ այն գործում է շատ ակտիվ, աշակերտները դիմում են որակավորված մասնագետներին ամենատարբեր հարցերով ու խնդիրներով:
Այսօր Dasaran.am-ում գրանցված է 320 000 օգտագործող, որի ուղիղ կեսն աշակերտներն են, իսկ մյուս կեսը՝ ծնողները:
Հիշեցնենք, որ համապատասխանաբար 2011թ. օգոստոսին և ս.թ. փետրվարի 8-ին ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրվել են համագործակցության հուշագրեր, համաձայն որոնց` «Dasaran.am» կրթական ծրագիրն ստացել է պետական հովանավորություն և դարձել պարտադիր ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների համար: Dasaran.am կրթական ծրագրի առաքելությունն է տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: