Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: ՀՄՄ գլխավոր քարտուղարը արձանագրել է, որ մեր երկկրի հեռահաղորդակցության բնագավառում կան դրական փոփոխություններ, որոնցից ՀՄՄ բավարարված է, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը ՀՄՄ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ վերջերս հրապարակված Ազգային մրցունակության համաշխարհային զեկույցում օգտագործվել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի 2009 թվականի ցուցանիշները, չնայած այն հանգամանքին, որ 2011-ի արդյունքները տեղադրված են եղել ՀՄՄ կայքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ եթե օգտագործվեին 2011-ի ցուցանիշները, ապա մեր երկրի մրցունակության մակարդակն ավելի բարձր կիներ:
Համադուն Թուրեի խոսքով, այդ հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել: ՀՄՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ 2011-ի ցուցանիշներով Հայաստանը ՏՏ բնագավառի աճի տեմպերով Հարավային Կովկասում առաջինն է եղել:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են հեռահաղորդակցության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի: Մասնավորապես, Համադուն Թուրեն պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռադիոկապի բյուրոյում Հայաստանի դիմումային փաստաթղթերի հնարավորինս արագ ընդունման գործում:
Վարչապետը հույս է հայտնել, որ ՀՄՄ-ն կօժանդակի նաև հաճախականությունների տիրույթի ռադիոմոնիթորինգի նախագծի իրականացման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման հարցում: Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ում լայնաշերտ կապի համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր: