Ucom-ը կփոխհատուցի բաժանորդներին ծառայությունների խաթարումների համար

«Յուքոմ» ընկերությունը վերազինում է իր սերվերները և կատարում է փոխարինման աշխատանքներ: Այս գործընթացը պատճառ է դարձել, որ վերջին մեկ շաբաթում ընկերության մատուցած ծառայությունները, մասնավորապես հեռուստատեսությունը, պարբերաբար խափանվում է: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց «Յուքոմ»-ի մամլո ծառայության ղեկավար Աշոտ Բարսեղյանը:

Նրա խոսքով, չնախատեսված խափանում էր: «Մի քանի ժամից «Յուքոմ» ընկերությունը կտարածի պաշտոնական հաղորդագրություն՝ մանրամասն  պարզաբանելու ծառայությունների խափանումների պատճառը»,-նշեց նա:

Նա հավելեց, որ այժմ սպասում են հարցի վերջնական լուծմանը: Ընկերության տեխնիկական բաժնի տեղեկացմամբ, ծառայությունները մեծ տոկոսով վերականգնել են բնականոն աշխատանքը:

Այն հարցին, թե արդյո՞ք կլինի փոխհատուցում, Աշոտ Բարսեղյանը պատասխանեց. «Այո, մենք նախատեսում են բոնուսային փաթեթների տեսքով փոխհատուցել թե՛ հեռուստատեսության և թե՛ բոլոր բաժանորդներին: Բոնուսային լուծումների մասին կտեղեկացնենք մի քանի օր անց»:

Նշենք, որ «Յուքոմ»-ի Facebook էջում պարբերաբար բաժանորդների կողմից բողոքներ են հնչում, որոնք մնում են անպատասխան: Աշոտ Բարսեղյանի խոսքով, նրանք հետևում են բոլոր արձագանքներին, սակայն հարցի վերջնական լուծման բացակայության պատճառով, չէին պատասխանում բաժանորդների ֆեյսբուքյան գրառումներին: