Հոկտեմբերի 3-ից 6-ը կանցկացվի «Հայաստանում Սինոփսիսի շաբաթ» միջոցառումը

Հոկտեմբերի 3-ից 6-ը Երևանում կանցկացվի Հայաստանում Սինոփսիսի շաբաթ: Միջոցառումը տոնում է բիզնեսի, կրթության և ՀՀ կառավարության համագործակցության համատեղ ձեռքբերումները, անցկացնելով մի շարք մրցանակաբաշխություններ և այլ հանդիսություններ, ինչպես նաև նպաստում է տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը՝ կազմակերպելով Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

«ՏՏ ոլորտի զարգացմանը միտված Սինոփսիսի բոլոր նախաձեռնությունները ներդրում են Հայաստանի երիտասարդ սերնդի կրթական համալիրի մեջ, որը մեր երկրի ապագայի կերտման ամենաարդյունավետ միջոցն է», ասում է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Սինոփսիսի շաբաթը Հայաստանում՝ միջոցառումների ցանկը

  • Հոկտեմբերի 3, 11:30, Սինոփսիս ընկերության  համանախագահ Չի Ֆուն Չանի  դասախոսությունը ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ, ԵՏԱ, ՀԱՀ և այլ միջազգային գործընկեր համալսարանների լավագույն ՏՏ ուսանողների համար, Սինոփսիս Արմենիա գիտաարտադրական կենտրոն,  գլխավոր շքասրահ
  • Հոկտեմբերի 3, 14:45, Սինոփսիսի շաբաթը Հայաստանում 2012թ.-ի միջոցառումը լուսաբանող մամլո-ասուլիս, Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ
  • Հոկտեմբերի 3, 15:00, ՀՊՃՀ և ԵՊՀ շրջանավարտների 2012 թ.-ի ավարտական հանդիսավոր արարողություն, Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ
  • Հոկտեմբերի 4, 10:00, Յոթերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադա, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտ
  • Հոկտեմբերի 4, 15:00, «ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի»  արժանացած լավագույն ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողություն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, նախագահական նստավայր
  • Հոկտեմբերի 4, 17:30, «Նախագահի կրթական պարգևի» հաղթողների, «ՏՏ ոլորտում լավագույն կառավարիչներ» մրցանակաբաշխության հաղթողների և Յոթերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի մրցանակակիրների պատվին կազմակերպված մեծարման երեկո և ընդունելություն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
  • Հոկտեմբերի 5, 10:30, «ԴիջիԹեք’12 ցուցահանդեսի մեկնարկ, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ
  • Հոկտեմբերի 6, 10:00, Համայնքային կամավորական միջոցառում՝ ծառատունկ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտ և ՀՊՃՀ-ին կից տարածք