ՄԱԿ.Աշխարհում կա 6 միլիարդ բջջային բաժանորդ

Աշխարհում բջջային բաժանորդների քանակը գրեթե հավասար է աշխարհի բնակչության թվին: Այս մասին զեկուցել է ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության միջազգային միությունը: Զեկույցը, որը պատրաստվել է ՀՄՄ-ի կողմից, նշում է, որ աշխարհում կա 6 միլիարդ բջջային բաժանորդ 2011թ. տարեվերջի տվյալներով: Հիշենք, որ աշխարհում կա մոտ 7 միլիարդ բնակչություն:

Բջջային բաժանորդներից 1 միլիարդը Չինաստանի քաղաքացիներ են: ՀՄՄ զեկույցի անվանումն է «Տեղեկատվական հասարակության հաշվարկ 2012», որում ուսումնասիրվել է աշխարհի 155 երկրների հասարակության հասանելիությունը տեղեկատվական տեխնոլոգիաներին:

«Մենք հաշվարկել ենք SIM քարտերի քանակը, ոչ թե բնակչության կամ սարքերի: Նշանակում է, եթե մի մարդ ունի երկու SIM քարտ, ապա դա հաշվարկվում է որպես երկու բջջային բաժանորդ»,- նշել է ՀՄՄ տվյալների բաժնի ղեկավար Սյուզան Տելսչերը:

Բոլոր այն SIM քարտերը, որոնք օգտագործվում են պլանշետներում կամ նոութբուքերում ինտերնետին միանալու համար, չեն ներառվել այս հաշվարկում: ՀՄՄ զեկույցը նաև տեղեկացնում է, որ աշխարհի 7մլրդ. բնակչությունից 2մլրդ-ն ինտերնետ օգտագործողներ են:

Զարգացած երկրների բնակչության 70%-ն օգտվում է ինտերնետից՝ համեմատած զարգացողների 24%-ի հետ: Բացի դրանից, շարժական լայնաշերտ կապի (3G, 4G ) օգտվողները երկու անգամ գերազանցում են ֆիքսված լայնաշերտ կապի օգտագործողներին: