Նոյեմբերի 10-ին Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «ԲարՔեմփ» միջոցառում: «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով «(չ)կոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։
Առաջին «ԲարՔեմփ Գյումրին» մի հարկի տակ կհավաքի Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչներին` ծրագրավորողների, ինտերնետային մարքեթինգի և դիզայնի մասնագետների, բլոգերների, լրագրողների, առցանց հրատարակիչների: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց չկոնֆերանսի կազմակերպիչ-նախաձեռնող Կարեն Տերտերյանը:
Նրա խոսքով, «ԲարՔեմփ Գյումրին» նպատակ ունի բարձրացնել Գյումրիում էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները, նպաստել մայրաքաղաքից ՏՏ ոլորտի ապակենտրոնացմանը դեպի հյուսիսային տարածաշրջան: Կազմակերպիչներն ակնկալում են շուրջ 200 մասնակցի ներկայություն և նախատեսում ենք հրավիրել Հայաստանի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների ու մասնագետների:
«ԲարՔեմփ Գյումրի»-ի պաշտոնական բացումը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին, ժամը 10:00, Գյումրու տեխնոպարկի վերակառուցվող հիմնական շենքում: Իսկ 11:00-ից մեկնարկելու են մասնակիցների ներկայացումները՝ «ԿԱԶԱ»Գյումրի կենտրոնում:
Կարեն Տերտերյանի խոսքով, բացի ներկայացումներից, կազմակերպվելու են քննարկումներ և նորարարական գաղափարների տոնավաճառ:
Միջոցառման գործընկերներն են «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը» (GEDF) և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը (KASA): Միջոցառմանը աջակցում է նաև «Բարքեմփ Երևան»-ի կազմակերպչական թիմը:
«ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում, ապա ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով «չկոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։