Գործարկվել է Երևանի քաղաքապետարանի www.iyerevan.am կայքը: Երեկ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների պետերը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրենը և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը ներկայացրել են կայքի բովանդակությունը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից:
Կայքը բաղկացած է «Առաջարկներ», «Քննարկումներ», «Ընթացիկ ծրագրեր» և «Իրականացված» բաժիններից: Հեղինակների խոսքով, յուրաքանչյուր ոք, ցանկության դեպքում, կարող է իր մասնակցությունն ունենալ քաղաքապետարանի կողմից Երևանի բարեկարգման և արտաքին տեսքի ձևավորմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու քննարկմանը, բարձրացնել հարցեր՝ ներկայացնելով դրանց լուծման սեփական տարբերակը: Առաջարկություններ անելու համար քաղաքացին պետք է գրանցվի համակարգում կամ օգտագործի Facebook սոցիալական ցանցի իր գրանցումը: Կայքի միջոցով նաև հայտարարվելու են բաց մրցույթներ:
«Նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել «Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի» մշակմանը և ներկայացնել առաջարկություններ: Քաղաքացիներին կողմից առավել շատ հավանության արժանացած առաջարկները կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և կյանքի կկոչվեն։ Բացի այդ, նախատեսում ենք նաև Երևան քաղաքի գովազդային հայեցակարգի մշակման և մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթներ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը:
iyerevan.am-ը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության շնորհիվ և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում: