2013-ին ՀՀ տարածքում կբացվեն «ԱրմենՏել»-ի բջջային կապի կենտրոններ

Այսօր լրացավ հայաստանյան շուկայում «ՎիմպելԿոմ» ընկերության գործունեության 6 ամյակը: «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն 6-րդ տարեդարձին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց 6 տարվա գործունեության արդյունքները: 2006-2012թթ. ընթացքում ընկերությունը Հայաստանում ներդրել է ավելի քան 327 միլիոն դոլար:

«Այսօր մեր բջջային ծածկույթը ընդգրկում է Հայաստանի 99.9%-ը: Եթե 2006-ին ֆիքսված հեռախոսակապի թվայնացման գործընթացը ողջ ՀՀ տարածքում ընդամենը 48% էր, ապա 2012թ. տվյալներով, Երևանում թվայնացումը 100% է կազմում, իսկ ՀՀ տարածքում՝ 82%»,-նշեց Իգոր Կլիմկոն:

Ընկերության ղեկավարը ընդգծեց, որ 6 տարիների ընթացքում «ԱրմենՏել»-ի ինտերնետ ծառայությունները նույնպես մեծ ծավալներով հասանելի են դարձել բնակչությանը: Ընկերության hi-line ծառայությունն ունի 150 000 բաժանորդ: Դե իսկ շարժական ինտերնետի տրաֆիկը 2009-ից 291 անգամ աճել է:

Իգոր Կլիմկոյի խոսքով, գալիք տարին լի է լինելու նորույթներով և անակնկալներով: «ԱրմենՏել»-ը ավելացնելու է Հայաստանում գրասենյակների, էլեկտրոնային հերթերի կառավարման սարքերի և աշխատակիցների քանակը: Ողջ ՀՀ տարածքում բացվելու են միայն բջջային կապի կենտրոններ, որոնք գործելու են միայն բջջային կապի ծառայությունների սպասարկման համար: