Հայաստանում կհիմնվի «Վիքիմեդիա հիմնադրամ»-ի մասնաճյուղ

Հայաստանում շուտով կբացվի հանրահայտ օնլայն ազատ հանրագիտարան Վիքիպեդիայի և այլ Վիքի նախագծերի հիմնադիր ընկերության «Վիքիմեդիա հիմնադրամ»-ի մասնաճյուղը: Այն կոչվելու է «Վիքիմեդիա Հայաստան»: Այս մասին ittrend.am-ի հետ զրույցում ասաց  «Վիքիմեդիա հիմնադրամ»-ի հայաստանյան ներկայացուցչության համակարգող Սուսաննա Մկրտչյանը:

Նրա խոսքով, աշխարհի տարբեր երկրնրում 2005թ-ից գործում են Վիքիմեդիա մասնաճյուղեր, իսկ մեր տարածաշրջանում առայժմ ոչ մի երկիր չունի մասնաճյուղ, Հայաստանը կլինի առաջինը:

«Վիքիմեդիայի մասնաճյուղերը ստեղծվում են այն ժամանակ, երբ տեղական Վիքի համայնքը ակտիվություն է ցուցաբերում: Տարածաշրջանում մենք այս տարի ամենաակտվն ենք եղել. կրկնապատկվել է ոչ միայն Վիքիպեդիայում հայերեն հոդվածների քանակը, այլև տարվա ընթացքում կազմակերպվել են մի շարք սեմինարներ, հաքաթոններ Վիքիպեդիայի մասին: Հենց մեր ակտիվության շնորհիվ էր, որ այս տարի Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Վիքիկոնֆերանս»-ը»,-նշեց նա:

Սուսաննա Մկրտչյանի խոսքով, Հայաստանյան մասնաճյուղի բացման համար անհրաժեշտ է բոլոր մասնաճյուղերի դրական կարծիքը, ինչպես նաև կառավարության աջակցությունը:

«Այժմ ընթանում է տարբեր երկրների մասնաճյուղերի քվեարկությունը, ինչը կհաստատի, որ Հայաստանը հասուն է մասնաճյուղ ունենալու համար: Եվ որքան էլ Վիքիպեդիան բաց նախագիծ է, այնուամենայնիվ, կառավարությունները սովորաբար օժանդակում են՝ ապահովելով գրասենյակով և օրենքներում փոփոխությունների ներդրմամբ»,- պարզաբանեց Սուսաննա Մկրտչյանը:

Նա արդեն դիմել է կառավարությանը: Այս պահի դրությամբ Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է զբաղվել «Վիքիմեդիա Հայաստան» մասնաճյուղի գրասենյակի հարցով:  «Վիքիմեդիա հիմնադրամ»-ի հայաստանյան ներկայացուցչության համակարգողը վստահ է, որ մինչև 2012թ. տարեվերջ մասնաճյուղը կբացվի:

«Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակներն են լինելու աջակցել գիտելիքին և կրթությանը Հայաստանում` ստեղծելով և տարածելով ազատ բովանդակություն,աջակցել ազատ բովանդակության ձեռքբերմանն ու տարածմանը հատկապես Վիքիմեդիա Հիմնադրամի տարբեր նախագծերի միջոցով, աջակցել Վիքի տեխնոլոգիաների ներդրմանը և Վիքի գաղափարախոսության տարածմանը Հայաստանում, կազմակերպել Վիքի կոնֆերանսներ, հաքաթոններ, աջակցել Վիքի տեխնոլոգիաների ներդրմանը կրթական ոլորտում և այլն: