2013թ-ին Երևանում կստեղծվեն Wi Fi-ով հագեցած նոր այգիներ

Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության ղեկավարության հետ: Նրանք քննարկել են հեռահաղորդակցության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«ՋիԷնՍի-Ալֆա» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, անդրադառնալով քաղաքապետարանի հետ իրականացրած ծրագրերին, նշել է, որ այժմ ընկերության կողմից մշակվում են փոխշահավետ համագործակցության նոր փաթեթներ: Նա նաև ընդգծել է, որ առաջիկայում ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել Երևանում, մասնավորապես լայնաշերտ ինտերնետի, մալուխային հեռուստատեսության և հեռախոսակապի ծառայությունների ուղղությամբ:

Հատկանշելով ընկերության կողմից մայրաքաղաքում տեղադրված 70 տեսախցիկների համար օպտիկական մալուխի տեղակայման աշխատանքները, արձանների գեղարվեստական լուսավորումը, ինչպես նաև մայրաքաղաքի վեց այգիներում անվճար WiFi կապի ապահովման հարցը,  քաղաքապետը տեղեկացրել է. «2013 թվականին Երևանում նախատեսում ենք նաև նոր ու ավելի մեծ այգիների հիմնում, որոնք ևս ապահովված կլինեն անվճար ինտերնետ կապով: Այս ծրագիրը մեր համաքաղաքացիների շրջանակում լայն արձանգանք է գտնել, և ներկայացվել են մի շարք առաջարկներ»:

Կողմերը զրուցել են նաև Երևանի մի շարք դպրոցներում լայնաշերտ անվճար ինտերնետ ծառայությունների տրամադրման, ինչպես նաև համագործակցության ընդլայնման այլ ծրագրերի շուրջ հարցեր: Նշենք, որ «Օգնիր Դպրոցիդ» կայքի ստեղծման և ներդրման աշխատանքները ևս իրականացվել են քաղաքապետարանի և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության փոխգործակցության արդյունքում: Քաղաքապետի առաջարկությամբ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ` պայմանավորվածությունները գործնական ծրագրերի վերածելու նպատակով: