«ԱրմենՏել»-ը գործարկում է «Հայկական կամուրջներ» ռոմինգ ծառայությունը

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Հայկական կամուրջներ» ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բաժանորդներին ռոմինգում գտնվելիս USSD հրահանգի միջոցով Beeline բջջային կապի համակարգում նախաձեռնել մուտքային զանգ Հայաստանից:

«Հայկական կամուրջներ» նոր ծառայությունը թույլ է տալիս կապվել Հայաստանում կապի բոլոր օպերատորների բաժանորդների հետ: Զանգն անվճար է Հայաստանում գտնվող այն բաժանորդի համար, ում հետ կկապվի ռոմինգում գտնվող բաժանորդը USSD հրահանգի միջոցով: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Beeline բաժանորդները կարող են խնայել ռոմինգ ծառայությունների համար` օգտվելով «Հայկական կամուրջներ» ծառայությունից: Այսպես, օրինակ, Beeline ԱՊՀ սակագնային գոտուց Հայաստան սովորական զանգ կատարելիս մեկ րոպեի արժեքը կազմում է 360 դրամ, իսկ «Հայկական կամուրջներ» ծառայությունից օգտվելիս մեկ րոպեի արժեքը նշված սակագնային գոտու համար կազմում է 200 դրամ:

Զանգ կատարելու համար ռոմինգում գտնվող Beeline բաժանորդն իր հեռախոսից պետք է հավաքի հետևյալ USSD հրահանգը` *135*374YYXXXXXX#, որտեղ YY ՀՀ կապի օպերատորների կոդն է, XXXXXX – բաժանորդի 6-նիշ հեռախոսահամարն է: Ծառայության տարիֆիկացումն իրականացվում է բաժանորդների միջև կապի հաստատման պահից` համաձայն բաժանորդի ռոումինգային գոտու մուտքային զանգերի պայմանների: