Mail.Ru Փոստը թարգմանվել է հայերեն

Mail.Ru ընկերության էլ.փոստ ծառայությունը թարգմանվել է հայերեն: Ինտերֆեյսի ներքևի աջ մասում գտնվող կոճակի սեղմումով կարելի է օգտվել ծառայությունից ամբողջապես հայերեն լեզվով: Այս մասին ittrend.am-ին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Mail.Ru Փոստի ղեկավար Սերգեյ Մարտինովը մեկնաբանել է հայերեն լեզվի գործարկումը: «Օրական Հայաստանի հազարավոր ինտերնետ օգտագործողներ օգտվում են մեր ծառայությունից: Մենք ձգտում ենք մեր ծառայությունը դարձնել էլ ավելի հարմարավետ և հասկանում ենք, թե որքան կարևոր է դրա համար մայրենի լեզվի առկայությունը»,- նշել է նա:


Mail.Ru Group-ի ծառայությունների ճանաչվածությունը Հայաստանում աճում է: LiveInternet-ի 2012թ. սեպտեմբեր ամսվա տվյալներով,Mail.Ruփոստից Հայաստանի օգտվողների օրական այցելությունները 40%-ով աճել են՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Mail.Ru փոստի ծառայությունն աշխարհի ամենաշատ օգտագործողներ ունեցող փոստային ծառայությունների հնգյակում է: Ինտերֆեյսի հայերեն թարգմանությունը մեկ քայլ առաջ է՝ ուղղված գլոբալ զարգացմանը: ԱՊՀ-ում տեղայնացման գործընթացը ընկերության համար առաջնային ուղղություններից մեկն է: Վերջերս Mail.Ru փոստը թարգմանվել էր նաև ուկրաիներեն, բելոռուսերեն, ուզբեկերեն և ղազախերեն: