Պոլիտեխնիկում բացվեց «Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա»

Այսօր ԵՊՃՀ-ում կայացավ «Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա»-ի (Microsoft IT academy) պաշտոնական բացումը: ՏՏ ակադեմիային բուհական տեխնիկական կրթությանը աջակցություն է:  Այստեղ կարող են սովորել միայն Պոլիտեխնիկի ուսանողները և դասախոսները: Ուսանողները ոչ միայն կծանոթանան նոր ժամանակակից տեխնոլոգիաներին, այլև կկարողանան սերտիֆիկացվել «Մայքրոսոֆթ»-ի կողմից:

«ՏՏ ակադեմիան կդառնա նաև «Մայքրոսոֆթ»-ի սերտիֆիկացման 3-րդ կենտրոնը: Այստեղ թանկարժեք ուսումնական ծրագրերը, նյութերը և քննությունները կլինեն հասանելի սիմվոլիկ վարձով ուսանողների համար՝ ամսեկան 10 000 դրամ: Կլինեն տարբեր կուրսեր՝ 1-ից 6 ամիս տևողությամբ: Բուհն ավարտելով՝ երիտասարդները բացի Պոլիտեխնիկի դիպլոմից, կունենան «Մայքրոսոֆթ»-ի սերտիֆիկատներ»,-նշեց «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նա նաև ընդգծեց, որ ՏՏ ակադեմիայի շրջանակում կգործի նաև հետազոտական կենտրոն, ուր ակադեմիայի շրջանավարտները դասախոսների հետ համատեղ կաշխատեն տարբեր նախագծերի շուրջ:

ԵՊՃՀ ռեկտորի խոսքով, ՏՏ ակադեմիան սկսել է գործել նոյեմբերի 15-ից: Արդեն կա ձևավորված ուսանողների 5-6 խումբ, յուրաքանչյուրը՝ 14 հոգանոց:

«Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա»-ի բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: ՏՏ ակադեմիայի գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԷյՋի Գրուպը և Սորսիո հիմնադրամը: