Վաղը՝ դեկտեմբերի 8-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կանցկացվեն «ArmNet 2012» նախագծի եզրափակիչ միջոցառումները՝ ՏՏ միջազգային 3-րդ կոնֆերանսը ՝ «Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ» թեմայով և «ArmNet Awards» համահայկական վեբ-մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
«Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ» թեմայով կոնֆերանսը` նվիրված վեբ տեխնոլոգիաներին, բիզնեսի և ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում դրանց ներդրմանը, կմեկնարկի ժամը 10:00-ին:
Կոնֆերանսի ընթացքում կներկայանան ոլորտի ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի փորձագետներ՝ Անտոն Մերկուրովը (Instid Russia փորձագետ, Ռուսաստան), Արտաշես Մկրտչյանը (Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար, Հայաստան), Իլյա Սիդորովը (Google Russia նախագծերի ղեկավար, Ռուսաստան), Միխայիլ Իլյիչովը (Վեբ բիզնեսի փորձագետ, Ռուսաստան), Սամվել Մարտիրոսյանը (Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, Հայաստան), Էրվան Լը Նագարը (Orange Ֆրանս Տելեկոմ Խումբ, սոցիալական մեդիաների փորձագետ, Ֆրանսիա), Րաֆֆի Հալաջյանը (sen.se հիմնադիր, Ֆրանսիա), Օլիվեր Վագները (BuzzRank GmbH գործադիր տնօրեն, հիմնադիր և SocialObjects GmbH գործադիր տնօրեն, հիմնադիր, Գերմանիա):
Բանախոսները կանդրադառնան հետևյալ թեմաներին՝
- Սոցիալական մեդիան` որպես բրենդինգի գործիք
- բրենդեր և որոնողական համակարգեր
- բրենդմոնիտորինգի գործիքներ
- անհատական բրենդինգ և նոր մեդիա
- վիրուսային մարքեթինգ
«ArmNet 2012» համահայկական վեբ-մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը`«ArmNet Awards 2012»-ը, տեղի կունենա նույն օրը՝ ժամը 20:30-ին: Հայտնի կդառնան հաղթողների անունները 8 անվանակարգերում՝ ըստ միջազգային մասնագիտական ժյուրիի և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթողը, որի հաղթողը կորոշվի SMS-քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ «ArmNet 2012» մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 540 կայքեր, բլոգեր և անձնական էջեր: Մրցույթի հիմնական 7 անվանակարգերի հավակնորդների ցանկը հայտարարվել է նոյեմբերի 30-ին: Հավակնորդների ցանկին կարելի է ծանոթանալ նախագծի պաշտոնական կայքում:
«ArmNet 2012» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: Կոնֆերանսի օրակարգին և մասնակցության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.armnetawards.am պաշտոնական կայքը կամ զանգահարել (374 10) 56 04 94 հեռախոսահամարով: