ՀՀ վարչապետը հանդիպել է ՏՏ լուծումների առաջատար «Oracle»-ի փոխնախագահին

Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հադիպել է «Oracle» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Oracle»-ի ներգրավման հնարավորությունը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:

Ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր:

Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում և ծանոթ են արդեն իսկ մեկնարկած և գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի: «Oracle» ընկերությունը եվրոպական շուկայի առաջատարներից է ՏՏ լուծումների, տվյալների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ունեցած իր հաջողություններով:

Հայ-գերմանական համաժողովի շրջանակներում մեկ այլ հանդիպման ժամանակ, հայաստանյան «Լորի Ամրոց» ՍՊԸ-ի, «ՎՕԻԹՀ Հիդո ԳՄԲՀ և Քո»-ի, «Շպարկս» բանկի և «Քոմմիթ գրուպ»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր «Լորի Բերդ Հիդրոէլեկտրոկայանի» ծրագրի ֆինանսավորման և կառուցման վերաբերյալ: