Երկարաձգվել է «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» մրցույթին դիմելու վերջնաժամկետը

Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հասցրել գրանցվել՝ մասնակցելու «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթին, կարող են լրացնել օնլայն հայտը և ուղարկել այն [email protected] էլ. հասցեին մինչև դեկտեմբերի 14-ը: Ինչպես տեղեկացնում են «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի մամլո ծառայությունից, մրցույթին մասնակցելու համար գրանցման վերջնաժամկետը երկարաձգվել է ՝ հաշվի առնելով «Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ի շուրջ առաջացած մեծ հետաքրքրությունը:

Հիշենք, որ Հեքըթոնը Սիլիկոնե հովտում սկիզբ առած միջոցառման ձևաչափ է, որը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:

«Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ը կանցկացվի դեկտեմբերի 22-23-ը Մերգելյան ինստիտուտում: Կազմակերպիչներն են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, «Մայքրոսոֆթ Հայաստան»-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Սորսիո ընկերությունը և Հանրային լրագրութան ակումբը: Տեղեկատվական գործընկերն է՝ ittrend.am-ը: «Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ի այս տարվա թեման տեխնոլոգիաներն են: Մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան հաղթել հայտարարված 7 անվանակարգերում: