Հայաստանը կհամագործակցի IBM-ի հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող IBM ընկերության գլխավոր գրասենյակ: IBM-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:

Ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը: Աշխատանքային խումբը մինչև 2013թ. առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին:

IBM ընկերությունն աշխարհում առաջատարն է գյուտերի արտոնագրման սանդղակում ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև ֆունդամենտալ գիտության տարբեր բնագավառներում: