«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը՝ որպես «Ռոստելեկոմ» ընկերության դուստր ձեռնարկություն, «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո ՀՀ-ում սկսում է մատուցել հեռահաղորդակցության ծառայություներ՝ ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ հասանելիություն և ինտերակտիվ հեռուստատեսութուն ֆիզիակական անձանց համար: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից: Դեկտեմբերի 18-ին պաշտոնապես կբացվի «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման առաջին սրահը Աբովյան քաղաքում:
«Ուրախ ենք, որ հնարավորություն ենք ստացել հանդես գալու ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության ապրանքանիշի ներքո և մատուցելու բարձրակարգ ծառայություններ հայաստանյան սպառողներին: Մեր շուկայում մեծ պահանջարկ կա ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ և որակապես նոր մակարդակի ծառայությունները այսուհետ հասանելի կլինեն նաև մեր երկրի սպառողներին»,-նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Ռոստելեկոմ ԲԲԸ նախագահի՝ Ալեքսանդր Պրովոտորովի խոսքով, հայաստանյան շուկան ունի զարգացման լուրջ նախադրյալներ: «Հատկանշական է, որ ՌԴ-ից հետո ՀՀ-ն առաջին երկիրն է, ուր Ռոստելեկոմ ընկերությունն սկսեց տրամադրել իր ծառայությունները»,- ընդգծել է նա:
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: 2012թ.-ին ընկերության կողմից ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ հաջողությամբ գործարկելով «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան 11 քաղաքներում, իսկ դեկտեմբեր ամսից վաճառքներ իրականացվում են արդեն ՀՀ երեք քաղաքներում: Ընկերությունն առաջիկայում պլանավորում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ 2013-2014թթ. ընթացքում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը:
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն հանդիսանում է «Ռոստելեկոմ» դուստր ձեռնարկությունը, այն բանից հետո, երբ 2012թ.-ի փետրվարի սկզբին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության 75% — 1 բաժնետոմսերը 22,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: