Այսօրվանից «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում սկսում է մատուցել իր ծառայությունները

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ընկերությունը՝ «Ռոստելեկոմ» ընկերության ապրանքանիշի ներքո, մեկնարկում Հայաստանում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը: «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում կմատուցի ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ կապի և ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին երկու ընկերությունների ներկայացուցիչները:

«ՋիԷնՍի-ԱԼՖԱ» տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշեց, որ «Ռոստելեկոմը» իր ծառայությունների վաճառքը նախևառաջ մեկնարկում է Հայաստանի մարզերում՝ ոլորտի հավասար զարգացման համար:

«Այսօր առաջին վաճառքի և սպասարկման սրահը կբացվի Աբովյան քաղաքում: Մոտակա օրերին վաճառքի և սպասարկման սրահներ կբացվեն նաև Աշտարակում, Գյումրիում, Վանաձորում, Չարենցավանում, Հրազդանում, Արմավիրում և Կապանում: Մեր մայրուղային ցանցը միավորում է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները: Ինչպես հայտնի է մարզերում ինտերնետ հասանելիությունը  քիչ զարգացած է, իսկ այնտեղ ապրում են պոտենցիալ օգտագործողներ, որոնք պարզապես հնարավորություն չունեն օգտվելու ինտերնետից: Ահա թե ինչու որոշեցինք հենց մարզերից սկսել մեր ծառայությունների մատուցումը»,- ընդգծեց նա:

Հայկ Ֆարամազյանը տեղեկացրեց նաև, որ հունվարի 3-ից ընկերությունն իր ծառայությունը կսկսի մատուցել նաև Երևանի երեք համայքներում՝ Էրեբունի, Նուբարաշեն և Աջափնյակ, իսկ 2013-ից իր «օպտիկա յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան կհասցնի նաև Արարատ, Մասիս, Իջևան, Դիլիջան և Ալավերդի:

Ինչպես նշեց «Ռոստելեկոմ» ընկերության փոխնախագահ Նաում Մարդերը, 2012-ին Հայաստանում ներդրվել է 10մլն. դոլար, իսկ 2013-ին հատկացվելու է ևս 12 միլիոն դոլար:

«ՋիԷնՍի-ԱԼՖԱ» տնօրենի խոսքով, լայնաշերտ ինտերնետի ամենամատչելի սակագինն է 6000 դրամ՝ 3Մբ/վ արագության համար, որին հաջորդում է 7000 դրամը՝ 7Մբ/վ-ի համար: