«Հեքըթոն[ՅԱՆ] 2012»՝ վիրտուալ ձկներից մինչև 3D Skype (ֆոտոշարք)

Դեկտեմբերի 22-23-ը Մերգելյան ինստիտուտում կայացավ «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը, որին մասնակցում էր 37 թիմ: Ընդամենը 24 ժամում թիմերը մշակեցին և ժյուրիին ներկայացրեցին իրենց նորարար գաղափարները և լուծումները: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 26-ին: Այս տարի թիմերի ներկայացրած գաղափարների մեծամասնությունը վերաբերում էր մոբայլ լուծումներին:

«Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ին զուգահեռ Մերգելյան ինստիտուտում ընթանում էր նաև նորաստեղծ ընկերությունների մրցույթ «ATS 2012»ը, որի մասնակից 18 թիմերը ներկայացնում էին իրենց գաղափարները:  Սա Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն է` պարգևատրելու և խրախուսելու ՏՀՏ ոլորտի  լավագույն նորաստեղծ ընկերություններին: ATS մրցանակը կտրվի հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն B2B (բիզնեսը բիզնեսի համար) լուծում, Լավագույն B2C (բիզնեսը սպառողի համար) / B2G (բիզնեսը կառավարության համար) լուծում և Հանդիսատեսի ընտրություն: «ATS 2012»ը նույնպես կամփոփվի դեկտեմբերի 26-ին:

«Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ին մասնակիցները գաղափարները տարբեր էին՝ բջջային խաղերից մինչև նորարար լուծումներ: “Gardeners” թիմը նախագծում էր խաղ Windows Phone և Windows 8 օպերացիոն համակարգերի համար: Խաղի գլխավոր հերոսը այգեպանն է, որը պաշտպանում է իր այգին՝ քարերով հարվածելով որթերին և նման տեսակի այլ միջատներին:

Մեկ այլ թիմ՝ Apollosoft-ը՝ հայտնի իր «Shelly» բջջային խաղով՝ նախատեսված Windows Phone օգտագործողների համար, «Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ին նախագծում էր նույն խաղի Windows 8 Ամանորյա տարբերակը: Ինչպես ittrend.am-ին պատմեց թիմի անդամ Միքայել Մանուկյանը, խաղի գլխավոր հերոսները ձկնիկներ Shelly-ն, Sally-ն, Kelly-ն, Molly-ն և Dolly-ն են: Խաղը բաղկացած է մի քանի մակարդակներից: Յուրաքանչյուր մակարդակում ձկնիկը հանդիպում է նոր խոչընդոտների: «Shelly» խաղի Windows Phone տարբերակը Microsoft-ի ծրագրերի օնլայն խանութ Windows Store-ում արդեն ներբեռնվել է ավելի քան 20 000 անգամ:

«Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ին ներկայացվել էին գաղափարներ նաև հանրային տրանսպորտի վերաբերյալ: “Public Transit” թիմը նախագծում է Android ծրագիր, որը հնարավորություն կտա օգտագործողին ընտրել ուղղություն և ծրագրի միջոցով ճշտել, թե ի՞նչ տրանսպորտով կարելի է հասնել անհրաժեշտ վայրը:

Մեկ այլ թիմ “Exception”-ը նախագծում է ծրագիր, որի միջոցով օգտագործողները կարող են իմանալ, թե ի՞նչ միջոցառումներ, ներկայացնումներ են կայանալու տարբեր ժամանցային վայրերում: ittrend.am-ի հետ զրույցում թիմի անդամ Դավիթ Տոնոյանը պատմեց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս ճշտել նաև, թե ո՞ր երթուղայինով կարելի է հասնել նշված ժամանցային վայրը: «Ծրագիրը GPS համակարգի միջոցով քարտեզի վրա գծում է այն ճանապարհը և երթուղին, որով օգտագործողը կարող է հասնել օրինակ Մոսկվա կինոթատրոն»,-նշեց նա:

Դե իսկ GM թիմը նախագծում էր ճանաչված Skype տեսազանգերի ծրագրի հայկական տարբերակը, որը ցուցադրում էր զրուցակցին եռաչափ (3D): Գաղափարի հեղինակներից Միքայել Մինասյանը ittrend.am-ին պատմեց, որ ծրագիրը նպատակ ունի հեռավոր բարեկամների ջերմ զրույցները դարձնել էլ ավելի մտերմիկ: Նրա խոսքով, եռաչափ պատկերները ավելի իրական են դարձնում հեռվում գտնվողին:

Android ծրագրերի օնլայն խանութում՝ Google Play-ում ավելի քան 32 միլիոն ներբեռնում ունեցող ֆոտոխմբագրման հայտնի ծրագիր Pixart-ի հեղինակ Էդգար Հարությունյանը «Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ին ներկայացնում էր նոր ֆոտոխմբագրման գործիք: Նրա խոսքով, այն պարունակում է ֆոտոխմբագրման նոր ֆիլտրեր և այլ հնարավորություններ:

Մեկ այլ թիմ ներկայացնում էր յուրօրինակ բախտագուշակության բջջային ծրագիր՝ CoffeeCup Fortune Teller: Գաղափարի հեղինակ Սեդա մուրադյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ օգտագործողը կարող է լուսանկարել իր սուրճի բաժակը: Հատուկ գուշակություններ անողները կդիտեն դրանք և որոշ ժամանակում կկազմեն փորքիկ բախտագուշակություն, ուղարկելով այն օգտագործողին: Այս յուրատիպ ծառայությունները կկազմի որոշակի գումար: Սեդայի խոսքով, ծրագրի թիրախային լսարանը բացի Հայաստանից նաև Ռուսաստանն է և արաբական երկրները:

Հիշենք, որ «Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ի հաղթողները դրամական պարգևներ կստանան 7 անվանակարգերում՝

  • Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով ամենանորարար լուծում
  • Լավագույն Windows 8 հավելված
  • Լավագույն Windows phone հավելված
  • Լավագույն Android հավելված
  • Լավագույն iOS հավելված
  • Լավագույն համայնքային լուծում
  • Լավագույն մեդիա նախագիծ

Հիշենք, որ «Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ի կազմակերպիչներն էին Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, «Մայքրոսոֆթ Հայաստան»-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Սորսիո ընկերությունը և Հանրային լրագրութան ակումբը: Տեղեկատվական գործընկերն էր՝ ittrend.am-ը: