Այսօր՝ դեկտեմբերի 28-ին մեկնարկեց Hayland.am սոցիալական ցանցի ամանորյա նախագիծը՝ «Համահայկական վիրտուալ տոնածառը»: Այս մասին տեղեկացնում են սոցցանցի մամլո ծառայությունից:
Նախագծի նպատակն է ստեղծել ամանորյա բարեմաղթանքների և ցանկությունների համահայկական առցանց հարթակ՝ հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին շնորհավորել իրար ու կատարել միմյանց ցանկությունները:
Hayland.am -ի գլխավոր էջում տեղադրված վիրտուալ տոնածառի բոլոր այցելուները՝ անկախ նրանից հանդիսանում են Hayland.am -ի սոցիալական ցանցի օգտատեր, թե ոչ, կարող են թողնել իրենց մաղթանքները և ցանկությունները, ինչպես նաև՝ ընտրել որևէ ցանկություն և կատարել այն՝ անակնկալ մատուցելով դրա հեղինակին, դառնալով ցանկություններ իրականացնող և նվերներ մատուցող «Անակնկալ Ձմեռ պապ»:
Ամանորը հրաշքների ու երազանքների իրականացման ժամանակաշրջան է: Գտեք Ձեր կարծիքով ամենայուրատուկ ցանկությունը, որը կարող եք և ուզում եք իրագործել, մինչև հունվարի 13-ը կապվեք դրա հեղինակի հետ, մատուցեք կամ ուղարկեք նրա ցանկացած նվերը: Լուսանկարվեք Ձեր «Անակնկալ Ձմեռ պապի» կամ նոր ընկերոջ հետ կամ լուսանկարեք Ձեր ստացած նվերը և մինչև հունվարի 13-ը ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին: Նախագծի ամփոփումից հետո Ձեր լուսանկարը կհայտնվի վիրտուալ տոնածառի վրա:
«Համահայկական վիրտուալ տոնածառ» նախագիծը հնարավորություն է ստեղծում ստանալ և մատուցել հաճելի ամանորյա նվերներ, դառնալ ցանկություններ իրականացնող «Անակնկալ Ձմեռ պապ» և գտնել նոր ընկերներ: