ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունվարի 23-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին» որոշումը: Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ մամլո ծառայությունից:
Որոշման համաձայն՝ շարժական բջջային կապի օպերատորները պարտավոր են մինչև 2014 թվականի հունվարի 23-ը զարգացնել և արդիականացնել իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը՝ ապահովելով ձայնային և շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը հանրային շարժական բջջային կապի ծածկույթ չունեցող 18 բնակավայրերում: Միաժամանակ, ծածկույթով ապահովելու նպատակով նշված բնակավայրերը հավասարապես բաշխվել են 3 օպերատորների միջև՝ համաձայն ստորև ներկայացված ցանկի՝
ԱրմենՏել` Գեղարքունիքի մարզի Անտառամեջ, Կալավան, Բարեպատ, Ներքին Շորժա, Վերին Շորժա եւ Վայոց ձորի մարզի Մոզրով,
Ղ-Տելեկոմ` Լոռու մարզի Հալավար, Հայդարլի, Սյունիքի մարզի Թանահատ, Վայոց ձորի մարզի Գնիշիկ, Հորս եւ Տավուշի մարզի Գողատափ,
Օրանժ Արմենիա` Լոռու մարզի Կաճաճկուտ, Անտառամուտ, Սյունիքի մարզի Բնունիս, Գեղանուշ, Գոմարան եւ Դիցմայրի: