Երեկ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը ներկայացրել են դպրոցների կառավարման էլեկտրոնային գործիքը, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել դպրոցի առօրյա գործունեությունը:
Դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի միջոցով հնարավոր է իրականացնել դպրոցի գործունեության արդյունավետ վերահսկողություն, վիճակագրական վերլուծությունների գործիքի միջոցով ստանալ դպրոցին վերաբերող տարբեր տվյալներ և կատարել դպրոցի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ վերլուծություններ:
Վերոնշյալ էլեկտրոնային գործիքի միջոցով տնօրենը կարող է տեսնել դպրոցի անձնակազմի և աշակերտների թվայնացված ցուցակը, ուսուցիչներին կցված դասարաններն ու աշակերտներին, դասավանդվող առարկաները, դասաժամերը, դասացուցակները, ցանկացած աշակերտի՝ ցանկացած առարկայից ստացած բոլոր գնահատականները, բացակայությունները, տվյալ պահի դրությամբ գնահատականների միջինը և կիսամյակային գնահատականը, ինչպես նաև ընթացքում փոփոխվող գնահատականները:
Գործիքի ստեղծման նպատակներից մեկն է թափանցիկ դարձնել դպրոցների գործունեությունը, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը` կապված տարեվերջին գնահատականների և կիսամյակայինների փոփոխման հետ:
Գործիքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին կամ պատասխանատուին էլեկտրոնային հաղորդակցման միջոցով անմիջական կապի մեջ լինել աշակերտների ու ծնողների, «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի և ԿԳ նախարարության պատասխանատուների հետ: Համակարգը թույլ է տալիս ցանկացած ծնողի կամ աշակերտի իր անհատական էջում տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների և այլ միջոցառումների մասին: Եվ այս ամենը արվում է ընդամենը մեկ հաղորդագրության միջոցով` բոլորին անհատապես տեղեկացնելու փոխարեն:
Հիշեցնենք, որ Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 502-ը` այս պահին ունենալով ավելի քան 450.264 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 տնօրեններ և 20.256 ուսուցիչներ: 2013-ին կրթական ծրագիրը շարունակելու է միացնել իր ցանցին ՀՀ մարզերի գյուղական համայնքների դպրոցները, ինչպես նաև աշխատանքներ է ծավալելու ԼՂՀ դպրոցները ներգրավելու ուղղությամբ: Նշենք նաև, որ 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 ռեկորդային այցելություն և 42.271.801 էջադիտում: