ArCa վճարահաշվարկային համակարգը գիտակցելով բոլոր այն անհարմարությունները, որոնք ծառայությունների սահմանափակման արդյունքում պատճառում են օգտագործողներին, ձեռնամուխ էր եղել լայնածավալ փոփոխությունների, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքները մոտենում են իրենց ավարտին: Մեկնարկում է ամբողջովին նոր ծրագրային հենքին անցման աշխատանքների վերջին` միգրացիայի փուլը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:
ԱՐՔԱ համակարգում նոր ծրագրային հենքի ներդրմանը նախորդել են մեկ տարուց ավել տևած խոշորածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում տեղադրվել են նոր սերվերային հզորություններ, վերազինվել և համալրվել են ենթակառուցվածքային համակարգերը (էլեկտրամատակարարում, հովացման համակարգեր և այլն): Նոր ծրագրային հենքի ներդրման և տեղայնացման շրջանակներում ընկերությունը սերտորեն համագործակցել է միջազգային վճարային համակարգերի (AmEx, DinersClub, MasterCard, VISA), բանկային ավտոմատացված համակարգեր մշակող ընկերությունների, մասնագիտացված սարքավորումներ (ԱԳՄ, ՊՈՍ տերմինալներ) մատակարարող կազմակերպությունների հետ:
Նոր ծրագրային հենքին անցման նպատակով թեստային միջավայրում (թեստային քարտերով, թեսթային միջավայրում գրացված բանկոմատներով, POS տերմինալներով և այլ հատուկ սարքավորումներով) փորձարկվել են քարտերի թողարկման, սպասարկման, գործարքների ֆինանսական արդյունքների մշակման և այլ հարակից գործընթացները:
Աշխատանքներին մասնակցել են նաև համակարգի անդամ բանկերի համապատասխան մասնագետները: Նոր ծրագրային հենքին անցման սկզբնական ժամանակաշրջանում չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի որոշակի խաթարումներ (այսպես կոչված “անցումային ժամանակահատվածի” հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ, և մենք ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար:
Նոր ծրագրային հենքի ներդնումը էականորեն կբարելավի համակարգի աշխատանքը և քարտապանների սպասարկումը, այդ թվում վիրտուալ տիրույթում: