Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե որոշ հայաստանյան օգտատերեր չեն կարողանում մուտք գործել ինտերնետ ռեսուրսներ և որպես պատճառ մատնանշվում են ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ կապուղիներով տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունները:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ
1. Ընկերությունը ՀՀ տարածքում գործունեություն է ծավալում և առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ, ուստի ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ կողմից որևէ կայք չի արգելափակվում:
2. ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող միակ օպերատորը, որն ինտերնետ հասանելիություն է ապահովում երեք միջազգային կապուղիների միջոցով, այն է ՝ TELIASONERA, LEVEL 3 և ROSTELECOM՝ դրանով իսկ ապահովելով ինտերնետի անխափան մատակարարումը իր բոլոր հաճախորդներին:
3. Համաձայն ՌԴ օրենսդրության որոշ կայքեր (հիմնականում մանկապղծության, տեռորիստական և նմանատիպ բնույթի) արգելափակվում են ՌԴ օպերատորների կողմից ՌԴ տարածքում իրենց օգտատերերի համար: Ռուսաստանյան ROSTELECOM ընկերության կողմից ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ և այլ հայաստանյան օպերատորներին մատակարարվող ինտերնետ հասանելիության ծառայության մեջ տվյալ կայքերը չեն արգելափակվում:
4. Ի գիտություն սպառողների ասենք նաև, որ կան կայքեր, որոնք ֆիզիկապես տեղակայված են ՌԴ տարածքում, պարունակում են արգելված բովանդակություն և արգելափակված են բոլոր երկրների ինտերնետ օգտատերերի համար՝ անկախ կապուղու պատկանելությունից:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ ընկերությունը մշտապես հոգում է իր բաժանորդներին տրամադրվող կապի որակի մասին և հավաստիացնում, որ հայաստանյան օգտատերերը ազատ են օգտվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված և չարգելվող բոլոր ռեսուրսներից: