Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն, Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ն և Արցախի պետական համալսարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագի

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն, Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ն և Արցախի պետական համալսարանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Կիրառելով արտադրություն-ԲՈՒՀ կրթական մոդելի հաջողված և համըդնհանուր հավանության արժանացած փորձը՝ ծրագիրը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում (ԼՂՀ) աշխատուժի շուկային արտադրությանը պատրաստ շրջանավարտներ տրամադրել, ովքեր օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով և գործնական հմտություններով: Համաձայնագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում  կստեղծվի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ  և համակարգեր» մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական  ծրագրերով կրթություն իրականացնող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը, որի համար կստեղծվի գերժամանակակից սարքային և ծրագրային ապահովմամբ հագեցած ինֆրակառուցվածք, այն կհամալրվի միջազգային ամենաբարձր չափանիշներին բավարարող կրթական ծրագրերով և ուսումնական նյութերով, ինչպես նաև Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում վերապատրաստված որակյալ դասախոսներով:

Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի կողմից հատկացված 28 միլիոն դրամի աջակցության շնորհիվ, համաձայնագրի շրջանակներում արդի և ուսումնական պահանջներին և չափանիշներին համապատասխան  կկահավորվի և արդիական քոմփյութերային տեխնիկայով կվերազինվի համալսարանի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, կփոխհատուցվի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձը և հավասարեցված այլ վճարները:

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն համալսարանին անվճար կտրամադրի համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ Սինոփսիս ընկերության ծրագրային գործիքների փաթեթների 60 լիցենզիա և համապարփակ ուսումնական նյութեր, որոնք կընդգրկեն բոլոր դասավանդվող դասընթացների ամբողջական մեթոդական ապահովվածությունը, դասախոսությունների ներկայացումները, լաբորատոր, գործնական աշխատանքների և կուրսային նախագծերի մեթոդական ապահովվածությունը, տնային աշխատանքները և քննական հարցատոմսերը, ինչպես նաև առնվազն կես տարին մեկ անգամ կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը:

Կողմերի համաձայնեցրած չափորոշիչների համաձայն, Արցախի պետական համալսարանը կստեղծի համահամալսարանական ամբիոն, այնտեղ կիրականացնի ամենօրյա կրթական գործունեություն և համապատասխան ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ կուրսը ավարտած ուսանողներից ուսանողական համակազմի ընտրություն: Ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառությունը շարունակել մագիստրատուրայում:

«Հիմնադրման օրվանից, Ղարաբաղ Տելեկոմը խրախուսել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորությունների և նվաճումների ուղի կարող են հարթել Արցախի երիտասարդ սերնդի առջև: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Արցախի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է և մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով աջակցենք այդ ոլորտի աշխուժացմանը: «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի ստեղծումը կնպաստի ՏՀՏ ոլորտի զարգացմանը, համաշխարհային հարթակում Արցախի վարկանիշի հետագա ամրապնդմանը, ինչպես նաև երիտասարդության շրջանում հետաքրքրություն կառաջացնի այդ ոլորտի հանդեպ: Ղարաբաղ Տելեկոմը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը կխթանի Արցախի տնտեսության ինքնաբավ և երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը», – ասում է Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սինոփսիսը, որպես համաշխարհային առաջատար ընկերություն համագործակցում է աշխարհի ավելի քան 1300 համալսարանների հետ: Հայաստանում այդ համալսարանները չորսն են՝ ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Արցախի համալսարանի հետ համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման մի յուրօրինակ նախաձեռնություն է, որը բացառիկ նշանակություն կունենա հանրապետությունում նորարարական միջավայրի ձևավորման առումով», – նշում  է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտը առավելագույնս կաջակցի Արցախի պետական համալսարանում «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ  և համակարգեր» մասնագիտության բարձրորակ մասնագետների պատրաստման գործընթացին նպատակ ունենալով զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ասպարեզը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում», – ասում է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

«Ինչպես հայտնի է, Սինոփսիս Արմենիա ընկերությունը ներդրումներ է կատարում այդ բնագավառի կրթության ոլորտում և հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մի շարք բուհերի հետ», – ընդգծում է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը:  «Մենք շատ ուրախ ենք, որ Ղարաբաղ Տելեկոմի առատաձեռն հովանավորության, ինչպես նաև Սինոփսիսի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ծրագրային գործիքային միջոցների և կրթական աջակցության շնորհիվ այդ բուհերի շարքում ավելացել է Արցախի պետական համալսարանը: Այսօր պայմանագրի ստորագրմամբ մենք մի մեծ գործընթացի առաջին քայլն ենք կատարում, որը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հանրապետության  սոցիալ-տնտեսական զարգացման գործում»: