Ս.թ. ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Երևակայության գավաթ Հայաստան 2013» («Imagine Cup Armenia 2013») մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:
Հայաստանյան ընտրության Եզրափակիչ փուլին մասնակցող 7 թիմերը կարճ (15 րոպե) շնորհանդեսների տեսքով ներկայացրեցին իրենց գաղափարները, որի արդյունքում ՏՀՏ /բիզնես ոլորտի առանցքային դերակատարներից կազմված ժյուրին ընտրեց մեկ հաղթող թիմ, որը կներկայացնի Հայաստանը 2013թ հուլիսին կայանալիք համաշխարհային եզրափակչին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ <<Ի<<Ի-Դի-Էմ-Սի>> ծրագրի աջակցությամբ:
Ժյուրիի անդամներն էին.
Գրիգոր Բարսեղյան –Մայքրոսոֆթ ԱրԷյ
Արսեն Գևորգյան- ԷսԷֆԷլ պրո
Ֆրեդ Լևիտան- <<Ի-Դի-Էմ-Սի>> ծրագիր
Րաֆֆի Նիզիբլյան- Դիիմ Քոմյունիքեյշնզ
Մարիամ Դավթյան – mLab ECA
Հակոբ Բազոյան – Սինոփսիս Հայաստան
Նույն օրը՝ ապրիլի 12-ին, ժամը՝ 15:00-ին, տեղի ունեցավ հաղթող թիմի հայտարարման արարողությունը և մրցանակաբաշխությունը: Հաղթող ճանաչվեց Lionsharp Solutions թիմը Voice board ծրագրի համար: Ծրագիրն իրենից ներկայացնում է Kinect տեխնոլոգիայի հենքով մշակված լուծում, որը թույլ է տալիս վարել քննարկումները, ներկայացումները, <<մտքային գրոհները>> ՝ գրանցելով մտքերը և կանոնակարգելով ընթացքը միայն ժեստերի և ձայնային հրահանգների օգնությամբ: Խրախուսական մրցանակներ ստացան Megamind և miXoft թիմերը:
Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցում էին Հայաստանի կառավարության, միջազգային համայնքի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՄԻԿ-ի տնօրեն Եվա Հյուսյանը, «Ի-Դի-Էմ-Սի»-ի Արժեքի շղթայի մրցունակության թիմի ղեկավար Ֆրեդ Լևիտանը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր մարտի 20-ին, և 16 տարին լրացած մասնակիցների երեք-չորս հոգուց բաղկացած ուսանողական թիմերի առջև խնդիր էր դրվել մշակել նորարարական նախագծեր և համակարգչային ծրագրեր, ինչպես նաև իրական խնդիրների իրական լուծումներ հետևյալ անվանակարգերում՝ 1. Խաղ 2. Նորարարություն 3. Համաշխարհային քաղաքացիություն:
«Երևակայության գավաթ» հայաստանյան մրցույթի նպատակն է ուսանողներին օգնել հանդես գալ ծրագրավորման/ՏՏ լուծումներով և/կամ ծրագրերի նոր մշակումներով՝ խթանելու նորարարությունն ու լուծելու գլոբալ խնդիրներ: Մրցույթը համախմբում է Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին և ուսանողական թիմերին և նրանց մեծ հնարավորություն է ընձեռում դրսևորելու և զարգացնելու իրենց գիտելիքները իրական խնդիրներին լուծումներ գտնելու, տեխնոլոգիաների և ծրագրերի օգտագործման սեփական մոտեցումները մշակելու և առաջ քաշելու գործում, ինչպես նաև ճանապարհ է բացում ուժերը չափելու արտասահմանյան մրցակիցների հետ և Հայաստանը ներկայացնելու «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:
Այս տարի մրցույթի հայաստանյան փուլին «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է հաղթող թիմին հնարավորություն տալ մասնակցել «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակչին և դրանով իսկ քաջալերել սկսնակ ընկերություններին, խթանել բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումը բիզնեսի տարբեր ոլորտներում և նպաստել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը ՏՏ ոլորտում: