ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է «Ոոբոտների օր» միջոցառման գլխավոր հովանավորությունը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում են խրախուսել հեռանկարային ոլորտում հետաքրքրություն և ձիրք դրսևորող երիտասարդներին: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կայացել է ռոբոտների ցուցադրության հերթական մրցույթը:

Միջոցառմանը ներկայացվել են ֆունկցիոնալ ամենատարբեր նշանակության մոդելներ: Մասնավորապես`ԱՄՆ-ում հատուկ մրցանակի արժանացած «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները ցուցադրել են հրշեջ ռոբոտ, գծին հետևող ու ական փնտրող ռոբոտներ, ինչպես նաև ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա:

Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները ներկայացրել են տորթ կտրող ռոբոտ, կամուրջ անցնող և մուկ որսացող ռոբոտ: «Նաիրի» կրթական կոնսորցիումը ցուցադրել է եռաչափ տպիչ և խառատային հաստոց, իսկ «Սայմոտեկ» ընկերությունը` ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով հատկացվելու է Հայաստանի 50 համայնքի:

Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու և նոր կազմակերպություններ ստեղծելու նպատակով, «ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակում այս տարի նախատեսված է իրականացնել «Ռոբոտներն՝ առօրյայում» գաղափարների մրցույթ: Դրան մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն, իրենց գաղափարները վերածեն ինժեներական նախագծերի և ներկայացնեն դրանք մրցույթի ժյուրիին: Լավագույնը ճանաչված նախագծերի հեղինակները հետագայում հնարավորություն կունենան պատրաստելու իրենց իսկ առաջարկած ռոբոտը:

«ԱրմՌոբոտիքս»-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Խրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստան»-ը: