Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2013-ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օնլայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-12-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2013 կոնֆերանսին։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել` մասնակցելով ԲարՔեմփի հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացների, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով հատուկ այդ նպատակով տրամադրվող լսարաններում, քննարկել համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում։

Այս տարի միջոցառմանը ելույթ ունենալու համար հրավիրվել է Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դևիդ Գարսիա Քինթասը: Հատուկ Բարքեմփին մասնակցելու համար Երևան կայցելեն նաև ճգնաժամային քարտեզագրության և սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ Անահի Այալա Իակուչին, ինչպես նաև ռուսաստանյան ՌԻԱՆովոստի գործակալության ինֆոգրաֆիկաների և վիզուալիզացիայի մասնագետներ Ֆիլիպ Կացը և Միխայիլ Դունաևը: Հյուրերը դասախոսություններ կկարդան և վարպետության դասընթացներ կանցկացնեն միջոցառման մասնակիցների համար:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ ԲարՔեմփ Երևան 2013-ի գլխավոր հովանավորն է Orange-ը: Միջոցառման հովանավորներն ու աջակիցներն են՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը և Ինտերնյուս Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը և SFL ընկերությունը։

«Որպես ինտերնետի ծառայություններ մատուցող ընկերություն և շարժական ինտերնետի առաջատարը հայաստանում` մենք մեզ պատասխանատու ենք զգում նաև երկրում վեբ միջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում: Մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս նախագիծը, որի իրականացմանն արդեն երկրորդ անգամ ենք աջակցում ինչպես ֆինանսապես, այնպես էլ իհարկե՝ մասնակիցներին Orange Ինտերնետ տրամադրելով: Վստահ ենք, որ այն բացառիկ միջավայրը, որը կստեղծվի ԲարՔեմփի ժամանակ, մտքերի և փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ կստեղծի: Կարծում ենք, որ այս իրադարձությունը, ի թիվս այլ նման միջոցառումների, չափազանց կարևոր է երկրում տեղեկատվական հասարակության ձևավորման և ստեղծագործ միտքը խթանելու համար», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ www.barcamp.am: Բարքամփ Երևանը կարելի է գտնել Ֆեյսբուքում` https://www.facebook.com/barcampevn, Թվիթերում հետևելով` @barcampam և գրառումներ անելով #barcampevn13 հեշթեգով:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում եւ ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ ԲարՔեմփ Երեւան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: ԲարՔեմփի օրակարգը ձեւավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։

Նախորդ տարիների ԲարՔեմփերի տեսահոլովակներ`

2012 http://www.youtube.com/watch?v=4iuoTq75vUQ

2011 http://www.youtube.com/watch?v=4ekcXFf93TU

2010 http://www.youtube.com/watch?v=XB6R84ekUKM

2009 http://www.youtube.com/watch?v=fRYL_T1WuT0