TelCell: Միասին օգնենք մանուկներին

Telcell ընկերությունը սկսում է երկարատև համագործակցություն «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հետ: Այսուհետ, ընկերության տերմինալներից  օգտվողները, սեղմելով «Նվիրիր կյանք»-ի լոգոտիպով կոճակը, կօգնեն քաղցկեղով և ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:

Չկա մի մարդ, ով երբևէ մտածած չլինի բարեգործություն անելու մասին. Telcell ընկերությունը մատնանշում է հեշտ և կարճ ճանապարհ:

Տերմինալի միջոցով «Նվիրիր կյանք» հիմնադրամի օգտին վճարման գործընթացը կտևի ոչ ավել քան մեկ րոպե: Վճարում կատարելու համար տերմինալի էկրանին պետք է սեղմել «Ծառայությունների վճարում», այնուհետև  «Նվիրիր կյանք» կոճակը, ապա մուտքագրել բջջային հեռախոսահամարը, այնուհետև գումարը: Յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր նվիրատվությունը, մեծ օգնություն կլինի որևէ հիվանդ փոքրիկի բուժման համար: Որքան շատ մարդ կարևորի այս նախաձեռնությունն, այնքան շատ երեխաների նվիրական երազանք իրականություն կդառնա:

«Նվիրիր կյանք» հիմնադրամն օգնում է արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, հոգում նրանց բուժման և դեղորայքի համար անհրաժեշտ ծախսերը: Հիմնադրամի աջակիցների օգնությամբ արդեն բազմաթիվ երեխաներ են բուժվել և շարունակվում են բուժվել:

Telcell ընկերությունը մշտապես ձգտում է ընդլայնել իր տերմինալներում առկա ծառայությունների ցանկը: Այսօր այն Հայաստանում տերմինալների միջոցով վճարումների ընդունման ամենախոշոր համակարգն է: Ներկայումս ընկերությունը ընդունում է ավելի քան 100 օպերատորների և զանազան ծառայությունների պրովայդերների վճարումներ, ավելի քան 800 ինքնասպասարկման տերմինալների միջոցով: