Շարունակվում է համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը. մասնակից թիմերի թիվը հասել է 17-ի

Հուլիսի 20-ին, ժամը 11:00-ին, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամում տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը: Առաջնությանն այս պահին մասնակցում է 17 թիմ, որոնք մրցում են լավագույն համակարգչային կամ բջջային խաղի հեղինակը ճանաչվելու համար: Առաջնությանը պարբերաբար միանում են նոր թիմեր, քանի որ առաջնության գրանցումը դեռևս բաց է, և ցանկացողները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց խաղը մինչև սեպտեմբերի 30-ը: Վաղօրոք գրանցվողները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպել ժյուրիի մրցույթի ժյուրիի անդամների հետ և ստանալ խորհուրդներ խաղերի հետագա զարգացման վերաբերյալ:

Առաջնությունում գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել www.opengame.am կայք, առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել [email protected] էլ. հասցեին` նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application: Մինչ այժմ գրանցված թիմերին և նրանց ներկայացրած խաղերին  կարողելի էծանոթանալ այստեղ:

Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Այն կբաշխվի հետևյալ անվանակարգերում` լավագույն խաղ, լավագույն բջջային խաղ,  լավագույն Game Play (սցենար), նորարարություն, լավագույն դիզայն, լավագույն կերպար, լավագույն 3D լուծում, պատանիների առաջնություն- Junior, ժողովրդական մրցանակ:

Մրցութային 2-րդ փուլին կարող են ներկա գտնվել ոլորտով հետաքրքված բոլոր ցանկացողներն ու ծանոթանալ համակարգչային և բջջային խաղերի հայկական աշխարհին:

Առաջնությունն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: