Ամփոփվեցին DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի արդյունքները

Սեպտեմբերի 13-ին «ԱրմենՏել» ընկերության վարչական գրասենյակում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և «ԱրմենՏել» ընկերության ղեկավարության կողմից ամփոփվեցին DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի արդյունքները:

DigiCamp ճամբարի, որի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), նպատակն էր համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:

DigiCamp ճամբարի ընթացքում 26 մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես եկավ ինովացիոն լուծում պարունակող բիզնես գաղափարով: Մասնակիցների նախընտրությամբ ընտրվեց 5 լավագույն գաղափար: 10 օր շարունակ թիմերը, մասնագետների խորհուրդներով, զարգացրեցին այդ գաղափարներն, որի արդյունքում ներկայացվեցին  իրականացման համար պատրաստ բիզնես նախագծեր:

Ճամբարի ավարտին տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների տնօրեններից բաղկացած հանձնաժողովը ընտրեց լավագույն նախագիծը`«I need»-ը, որն իրականացնող թիմն արժանացավ 200.000 ՀՀ դրամ մրցանակի: Հատուկ մրցանակի արժանացավ «Քաշովի լավաշ» նախագիծը, ինչի գաղափարը մասնակիցների մոտ առաջացել էր հենց ճամբարի ընթացքում: «Քաշովի լավաշ»-ը արժանացավ 300.000 ՀՀ դրամ մրցանակի: Բոլոր մրցանկակիրները ստացան հնարավորություն առանձին տաղավարով ներկայանալու ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին (հոկտեմբերի 4-6), իսկ ճամբարի շրջանակում ներկայացրած մյուս նախագծերը ԴիջիԹեքին հանդես կգան միասնական տաղավարով:

«Ուրախալի է, որ Հայաստանում երիտասարդները հետաքրքրվում են տեխնոլոգիական ոլորտով և ավելին` երիտասարդ տարիքից արդեն իսկ նպատակադրվել են իրենց ապագան կապել հենց այս ոլորտի հետ: «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է  մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ` խրախուսելով հատկապես նրանց, ովքեր իրենց սեփական ուժերով հասնում եմ հաջողության: Մեր ընկերությունը մշտապես ստեղծում է հնարավորություններ տաղանդավոր երիտասարդների համար և մենք հույս ունենք, որ այսօրվա ստացած մասնագիտական գիտելիքները հնարավորություն կընձեռեն Ձեզ հասնել նորանոր բարձունքների նաև ապագայում»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ճամբարի արդյունքում երիտասարդները սովորեցին աշխատել թիմում, լսեցին առաջատար մասնագետների, ձեռք բերեցին կիրառելի գիտելիքներ, որոնք ոչ մի ուսումնական հաստատություն չի կարող տրամադրել: Բացի այդ ունեն մեծ հնարավորություն իրենց գաղափարները ներկայացնելու շուրջ 24.000 այցելուների ԴիջիԹեք ցուցահանդեսի ժամանակ»,- նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցում էին 16-30 տարեկան 26 անձիք: DigiCamp-ի ընթացքում մասնակիցները ծանոթացան ոլորտի առաջնորդների հետ, լսեցին նրանց հաջողության պատմություններն ու բացահայտեցին առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցեցին ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերեցին կիրառական գիտելիքներ:

DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: