Այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը:
Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 4-6-ը:
«ԴիջիԹեք 2013» ցուցահանդեսին մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ: Ցուցահանդեսն այս տարի ներկայանում է առավել մեծ ծավալով և նոր ձևաչափով: Առաջին հարկում ինժեներական ոլորտը ներկայացնում են շուրջ 30 ընկերություններ և կազմակերպություններ, ինչպիսիք են «10x Էնջիներինգ», «Անի–Տեստ», «Բիթլիս-ՄԵՆ», «Ինովեյթիվ Սոլյուշնս» և այլն:
Երկրորդ հարկում առանձնացված են ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները, որոնցից են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ», «Սատիս», «Ինստիգեյթ Մոբայլ», «Ինստիգեյթ», «Օրանժ Արմենիա», «ԼանԱր Սերվիս», «Մայքրոսոֆթ» և այլ կազմակերպություններ:
Երրորդ հարկում տեղակայված են նորաստեղծ ընկերությունները, աշխատանքի տոնավաճառ բաժինը, «ԴիջիԼայֆ» սեմինարների սրահները, գործարար հանդիպումների սրահը:
Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.
- ԴիջիԼայֆ սեմինարներ -Ցուցահանդեսային 3 օրերին, ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում, այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 30 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում», «Ապագայի խելամիտ կոմերցիաները. IBM տեսլական», «Դիմավորեք նոր Office365» և այլն:
- Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ– Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները:
- ArmRobotics– կցուցադրվեն անօդաչու թռչող սարքեր
- Open Game Contest – կցուցադրվեն «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման մրցույթում հայտարարագրված խաղերը:
ԴիջիԹեքին կից այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև ԱրմԹեք համաժողովը, որին աջակցում է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը` ՏՏ ոլորտի շարունակական զարգացմանն նպաստելու, միջազգային գործարար կապեր և ներդրումներ խթանելու նպատակով:
9-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին անկալվում է այցելուների թվի աճ` ավելի քան 25.000 այցելու` 2012 թվականի 24.000-ի փոխարեն:
«ԴիջիԹեք էքսպո 2013»-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը, պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը, իսկ հովանավորը` «Սատիս» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: