Մեկնարկել է «ԱրմԹեք 2013» 6-րդ համաժողովը

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկեց «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը:

«Մասնավոր հատվածի առաջնային հարցադրումը կրթական համակարգի շարունակական բարելավումն է և բարձրորակ մասնագետներով ՏՏ ոլորտի ապահովումը: Հաշվի առնելով, որ ոլորտում տարեկան աճը 15-20 տոկոս է, և այս պահին ունենք 7000 մասնագետ` 300 ձեռնարկությունում, հասկանալի է, որ միջնաժամկետ թիրախը լինելու է տարեկան 2000 որակյալ մասնագետի պատրաստում», – նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը կարևորել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությունը, մասնավորապես «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակի, IBM ընկերության և այլն: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծումը, start up բիզնեսի խթանումը, ձախողումներից չխուսափելը և համաշխարհային ցանցում ներգրավված լինելը: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել ՀՀ-ում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման նպատակով:

Տիգրան Սարգսյանի խոսքով` «ԱրմԹեք 2013»-ը հնարավորություն կտա բացահայտել ՏՏ զարգացման երկրորդ փուլի հիմնախնդիրները և հստակեցնել կառավարության անելիքները:

«ԱրմԹեք 2013» համաժողովին մասնակցում է Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և այլ տարածաշրջանների պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խոշորագույն անդրազգային կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը` հնարավորություն տալով բացահայտել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել ընդլայնված մասնագիտական ցանց:

Համաժողովի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը համագործակցության հուշագրեր է ստորագրել` մի կողմից, «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՍՊԸ-ի (“ITECHNOLOGY”) հետ` կրթության, մասնագետների վերապատրաստման, նոր աշխատատեղերի ստեղծման, Գյումրու տեխնոպարկի վերաբերյալ հանրային իրազեկման կազմակերպման և իրականացման ուղղությամբ համագործակցության, մյուս կողմից` «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ` երիտասարդների մոտ նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճի, բնակչության շրջանում համացանցի և համակարգչի օգտագործման ծավալների մեծացման, կարողությունների զարգացման յուրօրինակ միջավայրի ձևավորման` խթանման և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում համատեղ լաբորատորիայի հիմնման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: