Սեփական բջջային օպերատորն այսուհետ իրականություն է

10X engineering Digitec 201310x Engineering ընկերությունը Digitec Expo 2013-ին ներկայացրեց իր OpenBTS համակարգը, որի միջոցով հնարավոր է ունենալ սեփական բջջային օպերատոր:

«Համակարգը հարմար է գյուղական, սահմանամերձ, գրասենյակային, ինչպես նաև գաղտնի տարածքների համար, որտեղ անհրաժեշտ է ունենալ սեփական կապը: Մենք տեղադրում ենք սարքավորումներն ու ծրագրային ապահովումը, որից հետո ցանցի ներսում հնարավոր է կազմակերպել անվճար և անսահմանափակ բջջային հաղորդակցություն: Օգտագործվում է Voice over IP տեխնոլոգիան: Պատվիրելու դեպքում մեր կայանը մոտ 10 անգամ ավելի քիչ գումար է պահանջում, քան մեր բջջային օպերատորները ծախսում են մեկ կայանի տեղադրման համար: Համակարգը հեշտությամբ ինտեգրվում է IP ցանցերին և ցանկացած բիլինգային համակարգի: Digitec-ում մեր տաղավարին դուք կարող եք տեսնել փոքր կայանի օրինակը, ցանցի անվանումն է Digicel»,- նշեց կազմակերպության ներկայացուցիչը: Նա նաև ցուցադրեց երկու հեռախոսների օրինակով, թե գործնականում ինչպես է աշխատում Digicel-ը:

OpenBTS-ը առայժմ չի կարելի գնել էկետրոնիկայի խանութներից. գինը ևս անհայտ է: Ընկերությունը պատրաստ է մոդիֆիկացնել տեխնոլոգիան ըստ պատվիրատուների ցանկության: Տեխնոլոգիան Հայաստանում առաջին անգամ է ցուցադրվում, բայց արտասահմանում շատ ընկերություններ արդեն օգտագործում են նմանատիպ կայաններ: 10xEngineering-ը պատրաստել է NI USRP – 2920 սարքավորումը National Instruments-ի հետ համատեղ: